Հարգելի՛ գնորդներ
Մեր տառատեսակները գործածելու իրավունք ձեռք բերելու (գնելու) համար նախ այցելե՛ք էջը և որորշե՛ք, թե ո՞ր տարբերակն է ձեզ համար առավել հարմարը, այդ թվում, տառատեսակները ձեզ առևտրայի՞ն, թե՞ ոչ առևտրային նպատակներով են անհրաժեշտ։ Առևտրային ենք համարում այն գործունեությունը, որն անմիջապես ուղղված է շահույթ ստանալուն, օրինակ՝ թերթերի, ամսագրերի, գրքերի տպագրությունը, հեռուստատեսային հաղորդումների ձևավորումը, ապրանքապիտակների, փաթեթավորման, ցուցանակների պատրաստումը, արտաքին գովազդը և այլն։ Ոչ առևտրային ենք համարում այն գործունեությունը, որի արդյունքում անմիջականորեն շահույթի ստացում չի ենթադրվում, օրինակ՝ անձնական և ներհիմնարկային թղթավարությունը, դիպլոմային կամ ատենախոսության պատրաստումը, սեփական այցեքարտերի պատրաստումը և այլն (հակառակ դրա, եթե դուք այցեքարտեր եք պատրաստում՝ ծառայություն մատուցելով այլ անձանց, ապա դա արդեն կհամարվի առևտրային գործունեություն)։
Եթե դուք ձեռք եք բերել տառատեսակը, համակարգչի կամ մեկ այլ սարքի կամ ծրագրի հետ միասին, ապա թույլտվությունն այդ միմիայն Ո՛Չ առևտրային է։ Առևտրային նպատակներով տառատեսակները օգտագործելու համար դուք պիտի ունենաք տվյալ տառատեսակի գույքային իրավունքները կրողի հետ հատուկ հեղինակային պայմանագիր։ Այդ պայմանագրում պիտի նշված լինեն գործելու ժամկետը, տարածքը, գինը, օգտագործման պամանները, թե քանի համակարգչի վրա կարող է տեղադրվել տառատեսակը և այլն։
Բոլոր դեպքերում, անկախ պայմանագրի այլ դրույթներից, օգտագործողը իրավունք չունի փոխանցելու տառատեսակն այլ անձանց, բացել այն տառատեսակներ խմբագրող ծրագրերով, փոփոխել դրա անունը, այլ հատկությունները, գրանշանների ձևը և այլն։
|