Մուտք
Տառատեսակներ
Գնային տարբերակներ
Ինչպես գնել
Մեր հեղինակները
Բառարան
Օրենսդրությունը
Հետադարձ կապ
Կայքն առավել լավ է դիտվում Արիան AMU տառատեսակով։ Ներբեռնե՛ք այն։
Տառաստեղծի բառարան

Այստեղ ներկայացված են տառարվեստին առնչվող հիմնական եզրերը՝ դրանց լատինագիր և ռուսերեն համարժեքներով։ Բառարանը գտնվում է շարունակական մշակման ընթացքում, և դուք կարող եք մասնակցել դրա լրացմանը՝ առաջարկելով եզրերի ձեր տարբերակները։ Հայոց գրի հետ կապված հասկացություններն ու եզրերը, հատկապես՝ ավանդական, հաճախ կիրառվում են ամենատարբեր, երբեմն հակասական իմաստներով։ Ստորև մենք ներկայացնում ենք դրանցից կարևորագույնները՝ հնարավորինս կանոնարկված և այն իմաստով, որով դրանք գործածված են մեր կայքում։
  • Հայկական ավանդական գրատեսակները
  • Հայկական ժամանակակից գրատեսակները
  • Գրանշանների կառուցվածքային տարրերը
  • Այլ եզրեր

  • ԱՅԼ ԵԶՐԵՐ

    Ամպերսանդ, Ampersand, Амперсанд — Լատինական տպրավեստում հատուկ նշան (&), որը համապատասխանում է հայերեն «և» կցագրությունը։ Անգլերենում նշանակում է «and», իսկ անունը «and per se and» արտահայտության աղավաղման արդյունք է, որը թարգմանվում է «եւ-ը որպես եւ»։ Գծային ձեւը արդյունք է լատինական «et» («եւ») կցագրության, ճիշտ նույն կերպ, ինչպես առաջացել է հայերեն «և» կցագրությունը, որ ներկայանում է, որպես «ե» + «ւ»։ Հնագույն հայտնի նմուշներից է մ․թ․ա․ 75 թ․ հռոմեական ձեռագրերից մեկը։

    Բառամիջոց կամ Բացատ, Space, Пробел — Բառերի միջեւ հեռավորությունը

    Գրակոս, Գրյուն, Glyphe, Глиф — Գրի տարրը։ Միեւնույն վերացական գրույթը կարող է ներկայանալ բազմաթիվ նույնարժեք տարբերակներով, որոնք գրույթի հետ նույն հարաբերությունների մեջ են, ինչպես հնչյունը եւ հնչույթը։

    Գրույթ, Grapheme, Графема — Գրավոր խոսքի միավորը (այբբուբենում՝ տառը, վանկագրում՝ վանկը, բառագրում՝ առանձին գաղափարագիրը), որը ճանաչելիորեն տարբերվում է տվյալ գրային համակարգի մյուս միավորներից։ Միեւնույն գրույթը կարող է ներկայանել տարբեր կերպ (ոճ, գրակոս), սակայն պիտի մնա ճանաչելի՝ անկախ տառատեսակից, ձեռագրից եւ այլն։

    Երկգիր, Digraph, Digram, Диграф, Диграмма, Составная буква — Բաղադրյալ գրանշան, որ բաղկացած է երկու տառերից։ Գործածվում է արտահայտելու համար տվյալ այբուբենում բացակայող հնչույթները։ Օրինակ՝ լեհական CZ [Շ], անգլերեն ZH [Ժ] կամ հայկական ՈՒ (= «Ո» + «Ւ»)։

    Լրակազմ, Ընտանիք, Family, Гарнитура — Մեկ կամ մի քանի կետաչափերով եւ նկարվածքներով (ոճերով) տառատեսակների լրակազմ, որոնք ունեն ոճային ընդհանրություններ եւ ունեն գրանշնանների միեւնույն կազմ՝ գրակազմ։ Լրակազմում սովորաբար ընդգրկված են լինում տառթվային, կետադրական եւ հատուկ նշաններ։ Լինում են նաեւ ամբողջովին ոչ այբբենական գրանշաններից բաղկացած լրակազմեր, օրինակ՝ քարտեզագրական, երաժշտական նշաններից կամ զարդային տարրերից բաղկացած։ Հաճախ շփոթվում է «տառատեսակ» հասկացության հետ։ Վերջինս սահմանում է տվյալ ընտանիքի որոշակի անդամի հատկությունները, օրինակ՝ թավ կամ շեղ, մինչդեռ լրակազմը սահմանում է մի քանի տառատեսակի համաձայնեցված ոճը։

    Կետաշտկում, Hinting, Хинтинг — Կետավորման ընթացքում գրանշանի եզրագծի շտկում հատուկ հրամանների հավելմամբ՝ ցածր տարլուծմամբ արտածող սարքերով դիտելիս առավել հստակ ձևեր ստանալու նպատակով։ Կարող է կատարվել ինքնաբար՝ տառաստեղծական ծրագրի հատուկ հրամանով, կամ՝ ձեռքով։ Վերջինս ապահովում է բարձրագույն որակ, սակայն չափազանց աշխատատար է։

    Կետավորում, Rasterisation, Растеризация — Եզրագծային ձևաչափով պատկերների վերածումը կետային պատկերների՝ տպագրելու, տեսագրելու կամ կետապատկերի ձևով պահելու նպակակով։

    Կցագիր, Ligature, Лигатура — Գրանշան, որը մեկ կամ ավելի գրույթների միաձուլման արդյունք է։ Միաձուլումը կարող է կատարվել տպագրության ընթացքում երկու գրանշանների առավել լավ հպակցման նպատակով (օրինակ՝ լատինական ff, fi, ffi, հայկական վն, մն, մե և նման այլ կցագրությունները, նոր գրանշանների ստեղծման համար՝ ինչպիսիք են որոշ ևրոպական այբուբենների երկբարբառների տառերը æ, œ, ß կամ նախատպագրական շրջանում արագագրության արդյունքում գոյացած նշանները, ինչպիսիք են ամպերսանդը կամ հայկական և-ը։ Երբեմն միաձուլման արդյունքում ելից գրանշանների ձևը փոխվում է աննշան, երբեմն ելից տառերը անճանաչելի են դառնում։

    Հնչույթ, Phoneme, Фонема — Հնչյունային (բանավոր) խոսքի վերացական միավորը։ Այբբենական գրային համակարգերում համապատասխանում է տառին։ Ինչպես և տառը, տվյալ հնչույթը իրականության մեջ ներկայանում է հնչյունային տարբերակներով, որոնք սակայն, հնարավոր է ճանաչել և նույնացնել, որպես միևնույն հնչույթի ներտարբերակներ։

    Հպակցում, Ծոցավորում, Kerning, Кернинг — Տառամիջյան հեռավորությունների փոփոխում՝ առավել հավասար և ընթեռնելի տող ստանալու նպատակով։ Հպակցումները կազմում են հպազույգեր (Kerning pairs, Кернинговые пары)։ Կախված տվյալ տառատեսակում ընդունված ոճի կարող են անհրաժեշտ լինել մի քանի տասնյակից՝ հարյուրավոր հպազույգեր։

    ՈւղտաԳիր, Medial capitals, InterCaps, CamelCase, ВерблюжийРегистр — Ուղտագիրը հայերենում ուղիղ ձև չի համարվում, թեև երբեմն կիրառվում է եւրոպական ապրանքանիշների հայացումներում։

    Տաբերիչ նշան, Диакритический Знак, Accent — Հատուկ նշաններ, որոնք հավելվում են տառերին, դրանց հնչույթային նոր արժեք հաղորդելու (ըստ էության՝ նոր տառ ստեղծելու) նպատակով։ Լայնորեն կիրառվում են ամենատարբեր գրային համակարգերում։ Որպես տարբերիչ հաճախ կիրառվում են կետադրական և այլ ծառայողական նշանները․ կետը, գծիկը, ալիքը, օղը, ագին, տանիքը, բութը, շեշտը, ապաթարց և այլն։ Հայոց այբուբենում տարբերիչ նշաններ չեն գործածվում, սակայն կիրառվում են՝ հայոց բարբառներին հատուկ հնչույթների արտապատկերման, ինչպես նաև այլ լեզուների հնչույթները հայոց այբուբենի տառերի միջոցով ներկայացնելու նպատակով։

    Փոքր Մեծատառեր, Small capitals, Small caps, Капитель — Տպարվեստում՝ գրատեսակ, որի փոքրատառերը իրագործված են, որպես փոքրացված մեծատառեր։ Պետք է հիշել, որ փոքր մեծատառերը հատուկ գրատեսակ են ներկայացնում։ Դրանց ճիշտ իրականոցումը պահանջում է, որ մեծատառերը ոչ թե պարզապես փոքրացված լինեն, այլ հատուկ կերպով իրագործվեն (լինեն փոքրատառերից միքիչ բարձր և ավելի լայնոտ), այլապես դրանք մեծատառերից սպիտակ կստացվեն։ Սովորաբար այս հանգամանքը հաշվի չեն առնում։


    | Մուտք | Տառատեսակներ | Գնային տարբերակներ | Ինչպես գնել | Մեր հեղինակները |
    | Բառարան | Օրենսդրությունը | Հետադարձ կապ |
    Պատճենաշնորհ․ «Տաթև գիտակրթական համալիր», 2009