Մուտք
Տառատեսակներ
Գնային տարբերակներ
Ինչպես գնել
Մեր հեղինակները
Բառարան
Օրենսդրությունը
Հետադարձ կապ
Կայքն առավել լավ է դիտվում Արիան AMU տառատեսակով։ Ներբեռնե՛ք այն։
Տառաստեղծի բառարան

Այստեղ ներկայացված են տառարվեստին առնչվող հիմնական եզրերը՝ դրանց լատինագիր և ռուսերեն համարժեքներով։ Բառարանը գտնվում է շարունակական մշակման ընթացքում, և դուք կարող եք մասնակցել դրա լրացմանը՝ առաջարկելով եզրերի ձեր տարբերակները։ Հայոց գրի հետ կապված հասկացություններն ու եզրերը, հատկապես՝ ավանդական, հաճախ կիրառվում են ամենատարբեր, երբեմն հակասական իմաստներով։ Ստորև մենք ներկայացնում ենք դրանցից կարևորագույնները՝ հնարավորինս կանոնարկված և այն իմաստով, որով դրանք գործածված են մեր կայքում։
  • Հայկական ավանդական գրատեսակները
  • Հայկական ժամանակակից գրատեսակները
  • Գրանշանների կառուցվածքային տարրերը
  • Այլ եզրեր

  • ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԳՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

    Գրելու արագությունից կախված յուրաքանչյուր գրային համակարգի նշաններ ստանում են ձևաորման որոշակի կանոնական աստիճաններ սկսած հիմնական (կոթողային) ձևից, մինչև սղագրական։ Այս ընթացքի որոշ ատիճաններ կարող են դիտվել, որպես հիմնական, մյուսները՝ որպես անցումային։ Սրանց գործածումը չունի որոշակի ժամանակային, տեղային կամ ոճային սահման։ Նոր գրատեսակների հանդես գալուց հները չեն վերացել և շարունակել են գործածվել, թեև սահմանափակ տիրույթում։ Հայոց գիրը նույնպես անցել է այդ ուղին։ Կանոնարկված ավանդական աստիճաններն են երկաթագիրը, բոլորգիրը և նոտրգիրը։ Առանձին դաս են կազմում զարդագրերը, տառերի՝ տարբեր կերպ ոճավորված իրագործումները․ ծաղկագիր, մարդագիր, գազանագիր, թռչնագիր և այլն։

    Երկաթագիր

    Այսպես է կոչվում հայոց գրի հիմնական տեսակը։ Անվանումը հստակ բացատրություն չունի։ Թերևս պատճառն այն է, որ քարի վրա երկաթե հատիչով արձանագրություններն իրագործվում են գրի հիմնական՝ կոթողային, այսինքն՝ հենց այս ոճով։ Եվրոպայում սրան մոտավորապես համապատասխանել է uncial, իսկ Ռուսաստանում՝ устав գրատեսակները։ Եղել է մատենագրության հիմնական գրատեսակը մինչև Ժ—ԺԱ դդ․, երբ դուրս է մղվել բոլորգրով։

    Բոլորգիր

    Տեղեկույթի ստեղծման ծավալներն ու տարածման արագությունն ավելացնելու պահանջն անդրադարձավ տառերի ձևի վրա։ Դրանք աստիճանաբար դառնում էին ավելի կլորավուն (բոլոր), օժտվում վեր և վար տարածվող մասնիկներով, որոնց շնորհիվ տառերն առավել ճանաչելի էին դառնում և բարձրանում էր գրվածքի ընթեռնելիությունը։ Արագագրական այս նոր աստիճանում կանոնարկված գրատեսակը ստանցավ բոլորգիր անվանումը, թեև հետագա մշակման արդյունքում այս գիրը կորցրեց այդ կլորավորությունը՝ ստանալով երկրոդական բեկվածություն, սակայն անվանումը պահպանվեց։ Մեզ հասած հնագույն նմուշը գրված է 981թ․։ Եվրոպայում սրան մոտավորապես համապատասխանել է semi-uncial, իսկ Ռուսաստանում՝ полуустав գրատեսակները։ Ժամանակակից հայոց գրի տարածված գրեթե բոլոր տեսակները բոլորգրի հետագա մշակման արդյունք են։

    Նոտրգիր

    Ձևավորվել է արագագրության է՛լ ավելի մեծացած պահանջներից և լայնորեն տարածվել է ԺԶ—ԺԸ դարերում։ Հետագայում՝ հատկապես ԺԸ—ԺԹ դդ․, տպագրության տարածումից հետո նոտրգրի օրինակով ստեղծված տառատեսակները օգտագործվել են հիմնականում որպես ընդգծող կամ ծանոթագրությունների տառատեսակ։

    Երբ գրվածքի (հատկապես՝ բոլորգրով կամ նոտրգրով իրագործված) առանձին բառեր՝ անուններ, նախադասության առաջին բառեր և այլն սկսեցին շեշտել երկաթագիր տառերով (մասնավորապես՝ դրանց ընթեռնելիությունն ապահովելու նպատակով), վերջիններս ստացան գլխատառ (capitalis, заглавная) կամ մեծատառ (majuscule, upper case, большая, прописная) անվանումը, իսկ առաջինները՝ փոքրատառ (minuscule, lower-case, малая, строчная)։

    Ձեռագիր

    Արագագրական հաջորդ այս կանոնը, որը, սակայն, չի համարվում ավանդական, ձևավորվել է ԺԷ—ԺԸ դարերում եվրոպական դպրոցի ազդեցությամբ։ Ձեռագրի տառաձևերը մշակված են հատուկ արագագրության պահանջներից ելնելով․ տառամասնիկները համապատասխանեցված են գրչի առավել սահուն, գալարաձև ընթացքին, սահմանված են գրանշանների ագիներ և այլն։ Չհաշված հատուկ սղագրական համակարգը՝ սա ամենաարագ գրատեսակն է։ Սովորաբար ձեռագրի հատուկ կանոն լինելը չի էլ գիտակցվում, այնքան այն բնական և սովորական է թվում։

    Զարդագիր

    Հայզոց տառերը ոճավորվել են ամենատարբեր հնարքներով, սկսած երկրաչափական և բուսական տարրերով մշակելուց և վերջացրած կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների պատկերներից կազմելով։

    Շղագիր, շյուղով գրված։ Հարթ գրանյութի՝ մագաղաթի բացակայության պայմաններում առօրյա պետքերի համար գրում էին մոմապատ տախտակների՝ պնակիտների վրա՝ շյուղով՝ սրածայր մետաղյա կամ փայտյա ձողով, որի հակառակ՝ հարթ ծայրով հարթեցնում՝ ջնջում էին գրվածը։ Սրածայր շյուղի հետքը բոլոր ուղղություններով նույն հաստությունն ուներ, ի տարբերություն գրչի հետքի։ Շնորհիվ դրա շղագիրը սովորաբար ավելի ճիշտ է վերարտադրում գրանշանի ձևի բնորոշ հատկությունները՝ գրույթը։ Հետագայում այդպես էին կոչվում նաեւ թանաքով իրագործված գրվածքները, եթե գրչի սրածայրության պատճառով գծերը հավասար լայնություն էին ունենում բոլոր ուղություններով։ Հաճախ շղագիրն ու գրչագիրը դիտվում են որպես հատուկ գրատեսակներ, մինչդեռ սրանք սոսկ գրչարհեստի դրսևորումներ են։

    Գրչագիր, գրչով գրված։ Գրիչը պատրաստվում էր եղեգնից կամ փետուրից և մի ուղղությամբ թողնում էր ավելի լայն հետք, իսկ ուղղահայաց ուղղությամբ՝ բարակ։ Ըստ գրչի պահված դիրքի՝ լայն կարող էին ստացվել ուղղաձիգ կամ հորիզոնական գծերը։ Հայկական ավանդույթում (ի տարբերություն, օրինակ՝ արաբականի) սովորական էր առաջին տարբերակը։ Երկրորդ տարբերակը, սակայն, ավելի հարմար էր արագ գրելու համար, և այդ տարբերակով գիրը վերածվում էր նոտրգրի։


    | Մուտք | Տառատեսակներ | Գնային տարբերակներ | Ինչպես գնել | Մեր հեղինակները |
    | Բառարան | Օրենսդրությունը | Հետադարձ կապ |
    Պատճենաշնորհ․ «Տաթև գիտակրթական համալիր», 2009